ՀԱՅՑ․ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ։ ՀԱՐՑ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆ  Մաս 17-րդ ՀԱՅՑ․ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ։ ՀԱՐՑ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆ  Մաս 17-րդ- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
30 June 2025

St. Leon Church "Sound of Children" Summer Camp Click Here to lean more

DEMIRGIAN SCHOLARSHIP

ՀԱՅՑ․ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ։ ՀԱՐՑ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆ  Մաս 17-րդ
Published - 27 June 2025

ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՐԲԱԶԱՆ ԲԱՆԱՒՈՐ ԱՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՒ 

Միանշանակ այո։ Շարունակելով նախորդ համարի մեր թեման՝ ցանկանում եմ նշել, որ նորահայտ քրիստոնեական ուղղությունները մերժում են Սրբազան Բանավոր Ավանդությունը եւ իրենց կեցվածքը «փաստում» Աստվածաշնչում գրված Տիրոջ խոսքերով։ Սակայն եկեք տեսնենք, թե իրականում ի՞նչ ասաց մեր Տերը ավանդության կապակցությամբ։ Այսպես, երբ փարիսեցիներն ու օրենսգետները հարցրին Հիսուսին թե ինչո՞ւ են Իր աշակերտները զանց առնում նախնիների ավանդությունը եւ հաց ուտելիս ձեռքերը չեն լվանում, Հիսուս պատասխանեց ասելով․ «Իսկ դուք ինչո՞ւ զանց եք առնում Աստծո պատվիրանը ձեր ավանդության պատճառով» (Մատթ․ 15։4)։

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, պատասխանը հստակ է։ Նա հատուկ կերպով շեշտում է հրեական ավանդության օտարացումը Աստծո պատվիրաններից “ձեր” բառը նշելով, քանի որ հրեաները ի վիճակի չէին տարբերել Աստծո Ավանդությունը, երկրորդական (Ձեռքերը լվալու պարագա) մարդկային ավանդություից։

Ուրեմն, ակնհայտ է, որ Տիրոջ այս խոսքերը վորաբերում են ոչ թե Սրբազան Բանավոր Ավանդությանը, այլ՝ մարդկային սովորություններին եւ ավանդույթներին, որոնց օրինակները շատ են մեր հասարակությունում․ օր․՝ ինչպես օգտվել ճաշի սպասքից, ինչպես խոսել տարբեր մարդկանց հետ, ինչ հագուստ կրել, եւ այլն։

ԳԻՏԱԿՑԵՑԻ՞Ն ԱՐԴՅՈՔ ԲԱՆԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐ ՏԻՐՈՋ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ

Հակառակ փարիսեցիների եւ օրենսգետների, որոնք չկարողացան տարբերել Աստծո Բանավոր Սրբազան Ավանդությունը/Խոսքը՝ մարդկայինից, առաքյալները հստակ գիտակցեցին այդ երկուսի տարբերությունը, քանի որ իրենք իսկ այդ սուրբ Ավանդությունը/Խոսքը փոխանցողներից էին․ «Մեզնից Աստծո խոսքի լուրն առնելով այն ընդունեցիք, ոչ որպես մարդկանց խոսք, այլ՝ ճշմարտապես որպես Աստծո խոսք» (Ա․ Թես․ 2։31)։ Շեշտենք, որ խոսքը վերաբերում էր Սրբազան Բանավոր Ավանդության, որը նրանք ոչ թե «զանց էին առնում», այլ՝ խրախուսում էին իրենց աշակերտներին ասելով․ «Գովում եմ ձեզ, որ հիշում եք ինձ ամենի ինչում եւ պահում եք ավանդած բաները ինչպես որ ավանդեցի ձեզ»։ (Ա․ Կորնթ․ 11։2)։

Եկեղեցու Բանավոր Ավանդության արժեքը մասնավորաբար շեշտում է Պողոս առաքյալը, Տիմոթեոսին ուղղված հովվական իր նամակներում։ Առաջին նամակում/թղթում առաքյալը ասում է․ «Ո՛վ Տիմոթեոս, պահիր ավանդը» (Ա․ Տիմ․ 6։20), իսկ երկրորդում հավելում․ «Որպես օրինակ ունեցիր այն ողջամիտ խոսքերը, որոնք ինձնից լսեցիր» (Բ․ Տիմ․ 1։13)։ Ուրեմն, իբրեւ ճշմարիտ քրիստոնյաներ, մենք եւս առաքյալների նման պետք է կարողանանք տարբերել Եկեղեցու Սրբազան Բանավոր Ավանդությունը՝ մարդկայինից, ոչ թե մերժենք այն, այլ՝ ընդունենք եւ մանավանդ՝ պահենք։

ՈՐՆ Է ՍՐԲԱԶԱՆ ԳՐԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ

Աստվածաշունչը: Նախորդ գլուխներում մենք խոսեցինք Սրբազան Բանավոր Ավանդության ու նրա արժեքի մասին: Այս գլխից սկսած պիտի անդրադառնանք Սրբազան Գրավոր Ավանդությանը, այսինքն՝ Սուրբ Գրքին: Սուրբ Գիրքը Աստծո գրավոր խոսքն է, սուրբ պատգամն ուղղված մարդուն: Այն տարբերվում է աշխարհի բոլոր գրքերից, քանի որ գրված է Աստծո շնչով (Բ. Տիմ 3:16) և այդ պատճառով էլ կոչվում է «Աստվածաշունչ»: Կարևոր է իմանալ, որ այս անվանումը բնորոշ է միայն հայերին, քանզի մյուս ազգերը

հունարեն «Բիբլոս» (գիրք) բառը թարգմանելով՝ այն կոչում են Սուրբ Գիրք: Աստվածաշունչը, կազմվել է շուրջ 1500 տարիների ընթացքում, և բաղկացած է 75 տարբեր գրքերից (Ծննդոց, Ելից, Երեմիայի մարգ., Մատթեոսի Ավետարան և այլն), որոնք կազմում են Աստվածաշնչի հայկական կանոնը: Այստեղ տեղին ենք համարում նշել, որ Աստվածաշնչի կանոնի վերաբերյալ տարբեր կարծիքներ և մոտեցումներ կան, այդ իսկ

պատճառով մենք նախընտրում ենք այս հարցին մանրակրկիտ անդրադառնալ մեր հաջորդ հոդվածներից մեկում:

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԳՐՔԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ

Աստվածաշնչի 75 գրքերի հեղինակները շուրջ 45 հոգիներ են, որոնք ապրել են մարդկության պատմության տարբեր ժամանակներում և եղել են տարբեր մասնագիտության և դիրքի տեր անձինք (թագավոր, մարգարե, պետական գործիչ, մաքսավոր, բժիշկ, ձկնորս և այլն), սակայն նրանք բոլորն էլ ունեցել են մի կարևոր ընդհարնություն՝ եղել են խոնարհ և պատրաստ լսելու Աստծո ձայնը, այսինքն՝ եղել են Սուրբ Հոգուց ներշնչված. «Սուրբ Հոգուց մղված է, որ խոսեցին Աստծո սուրբ մարդիկ» (Բ. Պետրոս 1:21): Սուրբ Հոգու սրբազան այս ներշնչումն է, որը միացնում է Գրքերը և դարձնում նրանք մի ամբողջություն, անբաժանելի մի շղթա: Ուրեմն, Աստվածաշնչի գլխավոր հեղինակն Աստված Ինքն է և այդ է պատճառը, որ Աստվածաշնչում գրված որևէ տառ չի կարելի ջնջել կամ փոխել, քանի որ ամեն ինչ, որ այնտեղ գրված է պիտի իրականանա (Մատթ. 5:18-19): Այս ամենով հանդերձ, սխալվում են այն անձինք, ովքեր կարծում են, որ Սուրբ Գրքի հեղինակները լոկ միջոցներ են, որոնք օգտագործվել են Աստծո Խոսքը փոխանցելու համար: Համաձայն մեր Եկեղեցու տեսակետի՝ այս անձինք մասնակից են Սուրբ Գրքերի ստեղծմանը իրենց բնորոշ լեզվամտածողությամբ և յուրահատուկ ոճով: Այդ է պատճառը, որ անգամ համատեսական ավետարանները (Մատթեոս, Մարկոս, Ղուկաս), որոնք շատ մոտ են իրենց բովանդակությամբ, տարբերվում են իրենց գրելաոճով:

Print